Sunday, November 29, 2009

ՈՉ ՄԻ ԲԱՌ ԿՆՈՋ ԻՐԱՒՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ


«Յոյս»-ի վերջին համարում ներկայացւել է իրանահայ կանանց միութիւնների համռօտ պատմութիւնը։ Այս միութիւնները կարեւոր դեր են կատարել իրանահայ կանանց համար տնից դուրս հասարակական աշխատանքներին մասնակցելու ասպարէզ ստեղծելու եւ նրանց միջեւ հասարակական փոխյարաբերութիւններ զարգացնելու առումով, սակայն զարմանալին այն է, որ մինչեւ օրս, այդ միութիւնների ծրագրերում եւ արձանագրւած նպատակներում ոչ մի բառ գոյութիւն չունի կանանց իրաւունքների եւ հարցերի մասին։ Քսաներորդ դարը բնորոշ է կանանց հարցերը լրջօրէն օրակարգ դարձնելու առումով։ Այսօր ֆեմինիզմի անւան տակ ստեղծւել են գաղափարական տարբեր մօտեցումներ, սկսած ձախ եւ լիբերալ կանացի շարժումներից մինչեւ կրօնական եւ ազգային, սակայն դրանք բոլորն էլ զբաղւում են այնպիսի կարեւոր հարցերով, որոնք մեծ նշանակութիւն ունեն աշխարհի բոլոր կանանց համար։ Այսօր ողջ աշխարհում կանանց միութիւնները զբաղւում են ընտանեկան կեանքում կանանց դէմ բռնութեան, քաղաքական կեանքում կանանց մասնակցութեան, տան մէջ տղամարդու եւ կնոջ միջեւ գործերի արդար բաժանման, ամուսնալուծութեան դէպքում կանանց իրաւունքների պահպանման, աշխատավայրում կանանց համար հաւասար պայմանների ապահովման եւ նման հարցերով։ Սակայն կարծես իրանահայ կինը, թէկուզ կրթւած եւ քաղաքաբնակ, ապրում է ուրիշ աշխարհում։ Իրանահայ կանանց միութիւնները միշտ հիմնադրւել են եւ աշխատում են ծառայութիւններ մատուցելու դպրոցին, եկեղեցուն, ազգին, ծերերին, որբերին, մանուկներին, բայց երբեք՝ քննարկելու, արծարծելու եւ պաշտպանելու համար իրենց կանանց իրաւազուրկ վիճակը։

ՍԵՐԺ ՄԵԼԻՔ-ՅՈՎՍԷՓԵԱՆԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ


Սերոժը (Սերժ Մելիք-Յովսէփեանը) մեր հին ընկերներից է, որի բեմադրութեամբ այս օրերին Երեւանի թատերական գործիչների միութեան փոքր բեմի վրայ մեծ յաջողութեամբ ներկայցւում է «Հորաքոյրը եւ ես» թատերգութիւնը: Սերոժը ծնւել է Թեհրանում, Կինօ եւ թատրոն է սովորել Լոնդոնում, Վերադարձել է Թեհրան, ուր 1970-ականներին բեմադրել է «Կիբոսա» եւ «Պարոն Փունթիլան եւ նրա ծառան Մաթին» թատրոնները: Յետոյ, պարտադրաբար, թողել է Իրանը եւ շուրջ երկու տասնամեակ ապրել է Փարիզում: Չորս տարի առաջ, երբ իմացայ, որ Սերոժը որոշել է հաստատւել Երեւանում եւ աշխատել ֆիլմի կամ թատրոնի բնագաւառում, ճիշտն ասած, կասկածում էի, որ արդիւնքում լաւ բան ստացւի: Ինքն էլ էր կասկածում: Բայց լաւ բան ստացւեց: Այսօր նրա երրորդ ներկայցման մասին գովասանքով են խօսում Երեւանում (որպէս օրինակ կարդա «168 ժամ» ինտերնետային հանդէսի յօդւածը): «Հորաքոյրը եւ ես» թատերգութիւնից առաջ նա բեմադրել է երկու ուրիշ գործեր` «Սերոժիկը» եւ «Ազատաբարօն»: Երկուսն էլ յաջող ներկայացումներ են, որոնց միայն Դի Վի Դի-ի վրայ տեսագրւած օրինակն է ինձ յաջողւել տեսնել: Նա Հայաստանում գտել է իր նմաններին եւ հասել մի տեսակ փոխհասկացողութեան. այս մասին են խօսում ներկայացումները, որոնց յաջողութիւնը երաշխաւորւած է հիմնականում ռեժիսորի եւ դերասանի փոխհասկացողութեամբ, քանի որ մեխանիկական արտաքին յարաբերութիւնը այս մարդկանց միջեւ չի կարող որեւէ յաջող արդիւնք ունենալ: Սերոժի թատերական աշխատանքը Հայաստանում իրական այսպէս կոչւած «սփիւռք-Հայաստան» յարաբերութեան նմուշ է, որը հիմնւած է ոչ թէ պետական պաշտօնական բարեացակամութեան, այլ իրական մարդկանց յարաբերութիւնների վրայ: Դա փոխադարձ մշակութային կապ է` ցածից: Հիանալի է եւ ինձ անձամբ ուրախացնում Սերոժի եռանդն ու էներգիան. նրա տարիքում մարդիկ սկսում են մտածել հանգստի կոչւելու եւ դրան վերաբերող հարցերի մասին, իսկ նա կարողանում է նոր միջավայրում, նոր մարդկանց հետ սկսել նոր աշխատանք եւ յաջողել: Իսկ ովքեր աշխատել են թատրոնում, գիտեն ինչպիսի ծանր եւ յոգնեցուցիչ գործ է թատրոն բեմադրելը: Այսպիսի ստեղծագործական եռանդ արդիւնքն է տարիներ կուտակւած ստեղծագործական չիրականացւած մղումների, որն այժմ աւիթ է գտել դրսեւորւելու: Նորանոր յաջողութիւններ եւ աւելի մեծ եռանդ Սերոժին:

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻՍ ԿԱՅՔԻ ՄՈՒՏՔԸ` ՀԱՅԵՐԷՆ



Լուսանկարները խօսում են առանց բառերի, եւ լուսանկարչական կայքը հնարաւորին չափ պիտի իրեն հեռու պահի գրաւոր խօսքից: Այսպիսի համոզմամբ է, որ փորձել եմ լուսանկարներիս կայքը միայն բաղկացած լինի լուսանկարներից: Յամենայմ դէպս, անհրաժետ համարեցի, միայն դրա մուտքում, տալ համառօտ կենսագրութիւնս, այնքանով միայն, որ դա կապւում էր լուսանկարչութեան հետ: Այս կենսագրութիւնը բնականաբար պարսկերէնով էր, քանի որ կայքը նկատի էր առնւել պարսիկ դիտողի համար: Այժմ կայքի գլխաւոր էջն ունի նաեւ իր հայերէն տարբերակը, որը կարող էք դիտել այստեղ: Կայքի ալբոմներից երկուսը` Երեւանի փողոցներում եւ Հայաստան խորագրերի ներքոյ ներառում են Երեւանի լուսանկարները:

ԶԱՊէԼ ԵՍԱՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԹՀԹ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅՈՒՄ


Երեքշաբթի Նոյեմբերի 3-ին Թեհրանի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ԹՀԹ առաջնորդ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի նախաձեռնութեամբ կազմակերպւող գրական երեկոների երկրորդ նիստը, որի ընթացքում Սրբազան Հայրը ներկայացրեց անւանի հայ կին գրող Զապէլ Եսայեանին եւ ընթերցեց նրա «Աւերակներուն մէջ» հատորից դրւագներ։ Եսայեանը այս գրքում նկարագրել է սրանից հարիւր տարի առաջ տեղի ունեցած Ադանայի ջարդերի յետօրէի տեսարանները։ Գրքի ընթերցումից յետոյ աշխոյժ զրոյց ծաւալւեց այն մասին, թէ աղէտի նկարագրութիւնը գրականութեան մէջ ինչ ձեւեր է ստանում եւ ինչպէս երբեմն հակւում է միայն սրտաճմլիկ տեսարաններ նկարագրելուն, ինչպէս նաեւ այն մասին, որ նման դէպքերի անկեղծ, ազդեցիկ եւ ինքնուրոյն գրական վերարտադրութիւը ինչքանով է պայմանաւորւած գրողի կողմից իրադարձութեանը ուղղակի մասնակից կամ ականատես լինելով։ Սրբազանն այս հանդիպումների մասին խօսել է որպէս մի նոր Վերնատուն։ Իհարկէ, Վերնատունը յարմար որակում չէ այս հանդիպումների համար, քանի որ մասնակիցների մէջ չկան Թումանեանի, Շանթի եւ Վերնատան միւս անդամներին համահաւասար գրական դէմքեր, սակայն թւում է նպատակը նոյնն է, գոնէ ամիսը մէկ անգամ հաւաքւել  եւ հեռու առօրեայի անմիջական խնդիրներից, զբաղւել գրականութեամբ եւ մեր արժէքներով։ Այս առոմով հանդիպումները կարող են մեծապէս շահաւէտ լինել համայնքի գրականասէր եւ գրականութեամբ զբաղւող անձանց համար, ու նաեւ առիթ ընծայել Սրբազան Հօրը՝ ծանօթանալու համայնքի մտաւորականութեան մտքերի եւ մտահոգութիւնների աւելի խորը ծալքերին։ Երրորդ նիստը յատկացւած է իրանա-ամերիկահայ գրող Լէոնարդօ Ալիշանի գործերին: