Sunday, November 29, 2009

ԶԱՊէԼ ԵՍԱՅԱՆԻ ԳՈՐԾԵՐԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԹՀԹ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ ԳՐԱԿԱՆ ԵՐԵԿՈՅՈՒՄ


Երեքշաբթի Նոյեմբերի 3-ին Թեհրանի առաջնորդարանի դահլիճում տեղի ունեցաւ ԹՀԹ առաջնորդ Տէր Սեպուհ Արք. Սարգսեանի նախաձեռնութեամբ կազմակերպւող գրական երեկոների երկրորդ նիստը, որի ընթացքում Սրբազան Հայրը ներկայացրեց անւանի հայ կին գրող Զապէլ Եսայեանին եւ ընթերցեց նրա «Աւերակներուն մէջ» հատորից դրւագներ։ Եսայեանը այս գրքում նկարագրել է սրանից հարիւր տարի առաջ տեղի ունեցած Ադանայի ջարդերի յետօրէի տեսարանները։ Գրքի ընթերցումից յետոյ աշխոյժ զրոյց ծաւալւեց այն մասին, թէ աղէտի նկարագրութիւնը գրականութեան մէջ ինչ ձեւեր է ստանում եւ ինչպէս երբեմն հակւում է միայն սրտաճմլիկ տեսարաններ նկարագրելուն, ինչպէս նաեւ այն մասին, որ նման դէպքերի անկեղծ, ազդեցիկ եւ ինքնուրոյն գրական վերարտադրութիւը ինչքանով է պայմանաւորւած գրողի կողմից իրադարձութեանը ուղղակի մասնակից կամ ականատես լինելով։ Սրբազանն այս հանդիպումների մասին խօսել է որպէս մի նոր Վերնատուն։ Իհարկէ, Վերնատունը յարմար որակում չէ այս հանդիպումների համար, քանի որ մասնակիցների մէջ չկան Թումանեանի, Շանթի եւ Վերնատան միւս անդամներին համահաւասար գրական դէմքեր, սակայն թւում է նպատակը նոյնն է, գոնէ ամիսը մէկ անգամ հաւաքւել  եւ հեռու առօրեայի անմիջական խնդիրներից, զբաղւել գրականութեամբ եւ մեր արժէքներով։ Այս առոմով հանդիպումները կարող են մեծապէս շահաւէտ լինել համայնքի գրականասէր եւ գրականութեամբ զբաղւող անձանց համար, ու նաեւ առիթ ընծայել Սրբազան Հօրը՝ ծանօթանալու համայնքի մտաւորականութեան մտքերի եւ մտահոգութիւնների աւելի խորը ծալքերին։ Երրորդ նիստը յատկացւած է իրանա-ամերիկահայ գրող Լէոնարդօ Ալիշանի գործերին:

No comments:

Post a Comment