Sunday, November 29, 2009

ՍԵՐԺ ՄԵԼԻՔ-ՅՈՎՍԷՓԵԱՆԻ ՆՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՐԵՒԱՆՈՒՄ


Սերոժը (Սերժ Մելիք-Յովսէփեանը) մեր հին ընկերներից է, որի բեմադրութեամբ այս օրերին Երեւանի թատերական գործիչների միութեան փոքր բեմի վրայ մեծ յաջողութեամբ ներկայցւում է «Հորաքոյրը եւ ես» թատերգութիւնը: Սերոժը ծնւել է Թեհրանում, Կինօ եւ թատրոն է սովորել Լոնդոնում, Վերադարձել է Թեհրան, ուր 1970-ականներին բեմադրել է «Կիբոսա» եւ «Պարոն Փունթիլան եւ նրա ծառան Մաթին» թատրոնները: Յետոյ, պարտադրաբար, թողել է Իրանը եւ շուրջ երկու տասնամեակ ապրել է Փարիզում: Չորս տարի առաջ, երբ իմացայ, որ Սերոժը որոշել է հաստատւել Երեւանում եւ աշխատել ֆիլմի կամ թատրոնի բնագաւառում, ճիշտն ասած, կասկածում էի, որ արդիւնքում լաւ բան ստացւի: Ինքն էլ էր կասկածում: Բայց լաւ բան ստացւեց: Այսօր նրա երրորդ ներկայցման մասին գովասանքով են խօսում Երեւանում (որպէս օրինակ կարդա «168 ժամ» ինտերնետային հանդէսի յօդւածը): «Հորաքոյրը եւ ես» թատերգութիւնից առաջ նա բեմադրել է երկու ուրիշ գործեր` «Սերոժիկը» եւ «Ազատաբարօն»: Երկուսն էլ յաջող ներկայացումներ են, որոնց միայն Դի Վի Դի-ի վրայ տեսագրւած օրինակն է ինձ յաջողւել տեսնել: Նա Հայաստանում գտել է իր նմաններին եւ հասել մի տեսակ փոխհասկացողութեան. այս մասին են խօսում ներկայացումները, որոնց յաջողութիւնը երաշխաւորւած է հիմնականում ռեժիսորի եւ դերասանի փոխհասկացողութեամբ, քանի որ մեխանիկական արտաքին յարաբերութիւնը այս մարդկանց միջեւ չի կարող որեւէ յաջող արդիւնք ունենալ: Սերոժի թատերական աշխատանքը Հայաստանում իրական այսպէս կոչւած «սփիւռք-Հայաստան» յարաբերութեան նմուշ է, որը հիմնւած է ոչ թէ պետական պաշտօնական բարեացակամութեան, այլ իրական մարդկանց յարաբերութիւնների վրայ: Դա փոխադարձ մշակութային կապ է` ցածից: Հիանալի է եւ ինձ անձամբ ուրախացնում Սերոժի եռանդն ու էներգիան. նրա տարիքում մարդիկ սկսում են մտածել հանգստի կոչւելու եւ դրան վերաբերող հարցերի մասին, իսկ նա կարողանում է նոր միջավայրում, նոր մարդկանց հետ սկսել նոր աշխատանք եւ յաջողել: Իսկ ովքեր աշխատել են թատրոնում, գիտեն ինչպիսի ծանր եւ յոգնեցուցիչ գործ է թատրոն բեմադրելը: Այսպիսի ստեղծագործական եռանդ արդիւնքն է տարիներ կուտակւած ստեղծագործական չիրականացւած մղումների, որն այժմ աւիթ է գտել դրսեւորւելու: Նորանոր յաջողութիւններ եւ աւելի մեծ եռանդ Սերոժին:

No comments:

Post a Comment