Tuesday, October 20, 2009

Հանրագիտարան Իրանահայոց

Երկար ժամանակ տատանւում էի մի բան գրել Ժանէթ Լազարեանի կազմած «Հանրագիտարան իրանահայոց» գրքի մասին թէ չէ: Գիրքն ունի բազմաթիւ թերութիւններ, բայց դրանով հանդերձ օգտագործելի է եւ էսպէս ասած «ոչինչից աւելի լաւ է»:  Գրքի երկրորդ հրատարակութիւնից յետոյ վերջնականապէս որոշեցի գրել այդ մասին, ինչպէս նաեւ միաժամանակ «ոչինչից աւելի լաւ է» տրամաբանութեան մասին: Արդեօք այդպիսի պատճառաբանութիւն այնտեղի չի հանգի, որ հնարաւոր դառնայ ամէն տեսակ անորակ աշխատանք արդարացնել: Յօդւածը գրեցի պարսկերէն, քանի որ գիրքը պարսկերէն լեզւով է: Այն հրատարակւել է «Յոյս» երկշաբաթաթերթի համար 60-ում եւ կարելի է ամբողջութեամբ կարդալ նաեւ «Յոյս»-ի կայքում` այստեղ:

Կեցցէ Հայաստան, դէպի Գլենդել

«Արիւնետ դրoշ» անունով մի դաշնակցական յեղափոխական երգ կայ, որում այլ յեղափոխական արտայայտութիւնների շարքում նաեւ ասւում է. «Արիք, հայկազունք, գոչենք միաձայն / սրտագին գոչենք կեցցէ Հայաստան / Կեցցէ Հայաստան եւ ազատութիւն/ ...»: Պատանեկան տարիքում, երբ խմբովի երգում էինք այս տողերը, խանդավառւած աւելացնում էինք «Կեցցէ, կեցցէ, կեցցէ Հայաստան»: Ահա այս երգի բառերի եւ դրա հայրենասիրական արձագանքի հիման վրայ էր, որ թերթիս համար 38-ում տպագրւած յօդւածի վերնագիրն ընտրեցի «Կեցցէ, կեցցէ, կեցցէ Գլենդել», յոյս ունենալով, որ դա կը յիշեցնի վերոյիշեալ երգի «կեցցէ Հայաստան»-ը եւ անուղղակի կը խօսի մեր հայրենասիրական լոզունգների եւ գործնական ընթացքի միջեւ գոյութիւն ունեցող հակասութեան մասին: Նպատակն այն էր, որ լոզունգներ ենք բղաւում Հայաստանի մասին, բայց գնում ենք Ամերիկա: Այս երեւոյթը յատկանշական է այս օրեին յատկապէս, երբ արդէն չամադանները կապած եւ վիզային սպասող մեր հայրենակիցները ցոյցեր են կազմակերպում ու Հայրենիքից պահանջում. «ոչ մի զիջում», առանց նոյնիսկ այսպիսի հարց դնելու իրենց առջեւ, որ եթէ Հայրենիքի եւ Գլենդելի միջեւ ընտրում են Գլենդելը, արդեօք բարոյապէս իրաւասու են Հայրենիքին յորդորել ինչ անել եւ ինչ չանել:
Ահա այն յօդւածի նպատակը, որը, մասամբ յօդւածագրիս անկարողութեան հետեւանքում, բայց նաեւ հաւանաբար այն պատճառով, որ իրանահայ ընթերցողը անգիտակցաբար չի ցանկանում տեսնել իր խօսքի ու գործի միջեւ առկայ հակասութիւնը, իր երկերեսանիութիւնը, խուսափել է տեսնել յօդւածի վերնագրի երգիծանքը, եւ այն ընկալել է բառացիօրէն, ասես իբր թէ յօդւածագիրը հմայւած Գլենդելով, գովաբանում է այն:
Հարց էր ծագել նաեւ յօդւածի վերջին պարբերութեան մէջ արտայայտւած այն մտքի մասին, թէ վերջին հաշւով գաղթողները յեղափոխական են, իսկ մնացողները` պահպանողական:

Monday, October 5, 2009

«Արարատ» մարզաւանի ու «Հայ ակումբ»-ի շէնքերի ճարտարապետը Թեհրանում

Անցեալ շաբաթ Թեհրանում էր գտնւում ճարտարապետ Ռոստոմ Ոսկանեանը, որն արդէն տարիներ է բնակւում է Գլենդէլում: Նրա ճարտարապետական գործերից են Արարատ մարզաւանի եւ Հայ ակումբի շէնքերը, որի դահլիճում էլ տեղի ունեցաւ նրա մեծարման երեկոն: Ռոստոմը իրական արւեստի մարդ է, որի կարեւորութիւնը ոչ աւելի պակաս է քան Մարքո Գրիգորեանինը, սակայն շատ աւելի քիչ է ծանօթ հանրութեանը: Դրա պատճառներից մէկը նրա համեստոթիւնն, եւ այն, որ իրեն գովազդելով շատ քիչ է հետաքրքրւած: Ակումբի հանդիսութեան վերջում, երբ խօսելու հերթն հասաւ նրան, միայն արտասանեց Հ. Ա. Սայէիի հետեւալ տողերը.

نمی دانم چه می‌خواهم  بگویم
زبانم در دهان باز، بسته است
در تنگ قفس باز است، افسوس
که بال مرغ آوازم شکسته است
نمی‌ دانم چه می‌خواهم بگویم

Ռոստոմի Թեհրանի այցի մասին կարող էք կարդալ «Յոյս»-ի վերջին համարում:

Հայ ակումբի ծրագրում ելոյթ ունեցողներից` Դր. Սարեմին, հետաքրիր բան ասաց. նա ասաց` առաջին անգամն էր ներկայ լինում հայ ակումբի սրահում, թէեւ տարիներ շարունակ անցել էր շէնքի առջեւից եւ, որ շէնքի դրսից անցնողը չի կարող երեւակայել ինչ հոյակապ գեղեցիկ սրահ է այդ սովորական համեստ պատերի հետեւում: Նա դա նմանեցնում էր իրանական ճարտարապետութեան մէջ Ներսի ու դրսի, անդարունի-ի եւ բիրունի-ի, հասկացողութեան հետ. նոյնն է իրնական մի շարք աւանդական շէնքերում, որոնց դրսից չես կարող երեւակայել ինչ գեղեցկութիւն է թաքնւած ներսում: Սակայն, եթէ աւանդական ճարտարապետութեան մէջ, համեստ պատերը թաքցնում են մեծահարուստի անձնական կեանքը դրսի աշխարհից, մեր դէպքում, դրսի ու ներսի այսպիսի առանձնութիւն, այն իրականութիւնը, որ մարդիկ անցնում են հայ ակումբի կամ Արարատի դռան առջեւից եւ երբեւէ չեն այցելում կամ առիթը չունեն այցելելու ներսը, վկայում է այն իրականութեան, թէ ինչպիսի մեկուսացման է ենթարկւել, կամ ինքն իրեն ինչպիսի մեկուսութեան է ենթարկել, մեր համայնքը:

«Ոսկէ Ծիրան»-ի եւ «Սահման» ֆիլմի մասին



Մի քանի ամիս առաջ, Երեւանում անց կացւեց «Ոսկէ Ծիրան» կինօփառատօնի հինգերորդ շրջանը: Դրա «Հայկական համայնապատկեր» բաժնում նաեւ ցուցադրւեց իմ «Թեհրանը լուսանկարներում» վաւերագրական ֆիլմը, եւ այդ առիթով ես էլ մի քանի օր փառատոնի հիւրն էի: Այդ օրերին առիթ ունեցայ դիտելու փառատօնի նախագահ Յարութիւն Խաչատրեանի «Սահմանը» ֆիլմը, որը մրցանակներ է շահել միջազգային զանազան փառատօներում: Ֆիլմը չհաւանեցի, ոչ էլ ֆիլմի ցուցադրաման ձեւը: Այդ մասին գրել եմ երեւանի «Անկախ» շաբաթաթերթում: Փառատօնի մասին իմ տեսակէտներն եմ յայտնել նաեւ  «Ազգ» օրաթերթի հետ մի հարցազրոյցում: Հիմա մտածում եմ, այդ երկու հրապարակւած արտայայտութիւններում, ընդգծել են միայն փառատօնի թերութիւնները, եւ ստեղծել անրադար դատողութեան տպաւորութիւն: Իրականում համոզւած եմ, որ «Ոսկէ ծիրան»-ը կարեւոր մշակութային դէպք է եւ իր կարճ կեանքի ընթացքում յաջողել է Հայաստանում աշխուժութիւն եւ հետաքրքրութիւն ստեղծել կինոյի նկատմամբ: Դրանից բացի, ընդհանուր առմամբ ժամանակակից եւ օրւայ միջազգային մտախելակերպին համապատասխանող մօտեցումներ ունի, եւ հեռու է նեղ ազգայնամոլականութիւնից, որը տիրում է երկրի մշակութային կեանքին: