Tuesday, October 20, 2009

Կեցցէ Հայաստան, դէպի Գլենդել

«Արիւնետ դրoշ» անունով մի դաշնակցական յեղափոխական երգ կայ, որում այլ յեղափոխական արտայայտութիւնների շարքում նաեւ ասւում է. «Արիք, հայկազունք, գոչենք միաձայն / սրտագին գոչենք կեցցէ Հայաստան / Կեցցէ Հայաստան եւ ազատութիւն/ ...»: Պատանեկան տարիքում, երբ խմբովի երգում էինք այս տողերը, խանդավառւած աւելացնում էինք «Կեցցէ, կեցցէ, կեցցէ Հայաստան»: Ահա այս երգի բառերի եւ դրա հայրենասիրական արձագանքի հիման վրայ էր, որ թերթիս համար 38-ում տպագրւած յօդւածի վերնագիրն ընտրեցի «Կեցցէ, կեցցէ, կեցցէ Գլենդել», յոյս ունենալով, որ դա կը յիշեցնի վերոյիշեալ երգի «կեցցէ Հայաստան»-ը եւ անուղղակի կը խօսի մեր հայրենասիրական լոզունգների եւ գործնական ընթացքի միջեւ գոյութիւն ունեցող հակասութեան մասին: Նպատակն այն էր, որ լոզունգներ ենք բղաւում Հայաստանի մասին, բայց գնում ենք Ամերիկա: Այս երեւոյթը յատկանշական է այս օրեին յատկապէս, երբ արդէն չամադանները կապած եւ վիզային սպասող մեր հայրենակիցները ցոյցեր են կազմակերպում ու Հայրենիքից պահանջում. «ոչ մի զիջում», առանց նոյնիսկ այսպիսի հարց դնելու իրենց առջեւ, որ եթէ Հայրենիքի եւ Գլենդելի միջեւ ընտրում են Գլենդելը, արդեօք բարոյապէս իրաւասու են Հայրենիքին յորդորել ինչ անել եւ ինչ չանել:
Ահա այն յօդւածի նպատակը, որը, մասամբ յօդւածագրիս անկարողութեան հետեւանքում, բայց նաեւ հաւանաբար այն պատճառով, որ իրանահայ ընթերցողը անգիտակցաբար չի ցանկանում տեսնել իր խօսքի ու գործի միջեւ առկայ հակասութիւնը, իր երկերեսանիութիւնը, խուսափել է տեսնել յօդւածի վերնագրի երգիծանքը, եւ այն ընկալել է բառացիօրէն, ասես իբր թէ յօդւածագիրը հմայւած Գլենդելով, գովաբանում է այն:
Հարց էր ծագել նաեւ յօդւածի վերջին պարբերութեան մէջ արտայայտւած այն մտքի մասին, թէ վերջին հաշւով գաղթողները յեղափոխական են, իսկ մնացողները` պահպանողական:
Իհարկէ եթէ «յեղափոխական»-ը հասկանանք քաղաքական իմաստով, դա ճիշտ չի լինի: Բայց գաղթողը երկու իմաստով աւելի յեղափոխական է. նախ նրա համար, որ չի կառչում իր ներկայ վիճակից, նրա մէջ գերակշռում է նորը, օտարը փորձելու ցանկութիւնը, իսկ երկրորդª շատ լայն, քաղաքակրթութիւնների պատմութեան մասշտաբում: Քաղաքակրթութեան զարգացումը մեծ գաղթերի ու մշակոյթների միախառնման արդիւնքն է: Այդ շատ ընդարձակ համայնապատկերում, իրանահայերի գաղթը դէպի ԱՄՆ եւս, իր դերն է կատարում: Բայց իհարկէ դա մետաղադրամի մի կողմն է միայն: Պարզ է, որ հեռանալը, լքելը, քանդելը, նաեւ ցաւալի եւ տխուր երեւոյթներ են, ինչպէս արդէն ասւել է բուն յօդւածում:
«Կեցցէ, կեցցէ, կեցցէ Գլենդել»-ը տեղադրւեց նաեւ «Իրանահայեր» կայքում , ուր մի շարք քամենթներ եկան, որոնք ինչպէս միշտ հետաքրքիր էին, յօդւածում արծարծւած հարցերը զանազան անկիւններից դիտելու առումով: Ոմանք շեշտել էին, որ գաղթելը իւրաքանչիւր անհատի անձնական իրաւունքն է: Ես էլ նոյն համոզմունքին եմ: Ոչ ոքի չի կարելի դատապարտել Ամերիկա կամ որեւէ այլ երկիր գաղթելու համար: Բայց կարելի է խօսել հակասութիւնների մասին: Կարելի է կրկնել վերի հարցը, թէ երբ ընտրում ես ապրել այլուր, բարոյապէս որքան իրաւասու ես միջամտել «հայրենիք»-ի հասարակական եւ քաղաքական հարցերը տնօրինելու գործերում: Այո, «հայրենիք»-ը չակերտների մէջ եմ առնում, քանի որ երբ բնակման ու ապրելու տեղ ես ընտրում Գլենդելը (կամ որեւէ այլ վայր աշխարհի որեւէ ծայրում), դժւար է ասել, թէ որն է «հայրենիք»` Հայաստանը, թէ՞ այդ հեռաւոր քաղաքը` դա լինի Գլենդել, թէ Լիոն, թէ Մելբորն, թէ Սիդնէյ:
Մէկ երկու հոգի նաեւ հարցրել են, թէ` եթէ ճիշտ ես ասում, եթէ գաղթողները աւելի յեղափոխական են, դու, որ այսպէս «Կեցցէ Գլենդել» ես գոչում, դու ինքդ ինչո՞ւ չես գնում: Ի՞նչ ասեմ: Նախ կրկնեմ, որ գաղթելը, ուր գաղթելը, կամ չգաղթելը, հիմնականում անձի իրաւունքներն են, եւ այս հարցում, ոչ ոք միւսի առջեւ պատասխանատու չէ: Յետոյ. դու որտեղի՞ց գիտես, որ ես արդէն չեմ դիմել, կամ ամէն օր Հայազի սայթում չեմ ստուգում համարս, տեսնելու համար, թէ վիզաս պատրաստ է ու ինթըրվիւիս թւականը որոշւել է թէ ոչ: Ի՞նչ գիտես վաղը միւս օրը, Աւստրիայի դեսպանատան առջեւ, կամ օդակայանում, Վիէննայի թռիչքում, չենք հանդիպի միմեանց: Ի վերջոյ, գաղթն այնքան համատարած է, որ ես ու դու չի ճանաչում: Ուրեմն եկէք ձայն ձայնի տանք եւ միասին գոչենք.«Կեցցէ, կեցցէ, կեցցէ Գլենդել»:

3 comments:

  1. շատ հետաքրքիր եւ երգիծանքով լի են մանավանդ վերջին տողերը։ էս փոստը շատ հավանեցի ։-)

    ReplyDelete
  2. Թող գան շարան-շարան ու ավելացնեն ամերիկյան ստրուկների շարքերը: Թող գան ու տեսնեն (հատկապես տղամարդիկ) ինչպես են մարդկային արժեքները ոչնչանալու,
    ինճպես են ինտեգրվելու արևմտյան արժեքներին:Ես չեմ ուզում պաշտպանել արևելյան մշակույթն ու ապրելաձևը, բայց Գլենդեյլում կտեսնես կնող իշխանություն ու խորը անջրպետ ծնողներ-զավակներ հարաբերություններում,կտեսնես ազգականների հեռացում միմյանցից,կտեսնենք ամեն քայլափոխում տղամարդու իրավունքների ոտնահարում, ....գալով Գլենդեյլ որոշ ժամանակ անց ձեռք են բերում հարմարավետություն,քրեդիտ քարթեր, մեքենա,...ու սկսվում է "վայելքը՛:
    Ամերիկացիք բոլորն անխտիր պարք ունեն, ու այդ պարտքն աճելու միտում ունի:
    Կնոջ, երեխաների պահանջներն էլ պահանջներն մեծանում են տարե-ց-տարի, ու դու պիտի հասցնես, կաշխդ դուրս գա: Ու էսպես խրվում են ամերիկյան ճահիճը ամեն մի ներգաղթող: Դե հիմի դուրսի մարդկանց բացատրի այս ամենը: Քեզ չեն հավատա ու այսպես շարունակ:Գաղթում են երրերդ աշխարհի երկրներից (անգլուխ):
    Սիրելի հայեր Գնացեք Հայան, էնտեղ է մեր վերջին տեղը:Երանի էն մարդկանց որ գնացին Հայաստան:

    ReplyDelete
  3. Թող գան շարան-շարան ու ավելացնեն ամերիկյան ստրուկների շարքերը: Թող գան ու տեսնեն (հատկապես տղամարդիկ) ինչպես են մարդկային արժեքները ոչնչանալու,
    ինճպես են ինտեգրվելու արևմտյան արժեքներին:Ես չեմ ուզում պաշտպանել արևելյան մշակույթն ու ապրելաձևը, բայց Գլենդեյլում կտեսնես կնող իշխանություն ու խորը անջրպետ ծնողներ-զավակներ հարաբերություններում,կտեսնես ազգականների հեռացում միմյանցից,կտեսնենք ամեն քայլափոխում տղամարդու իրավունքների ոտնահարում, ....գալով Գլենդեյլ որոշ ժամանակ անց ձեռք են բերում հարմարավետություն,քրեդիտ քարթեր, մեքենա,...ու սկսվում է "վայելքը՛:
    Ամերիկացիք բոլորն անխտիր պարք ունեն, ու այդ պարտքն աճելու միտում ունի:
    Կնոջ, երեխաների պահանջներն էլ պահանջներն մեծանում են տարե-ց-տարի, ու դու պիտի հասցնես, կաշխդ դուրս գա: Ու էսպես խրվում են ամերիկյան ճահիճը ամեն մի ներգաղթող: Դե հիմի դուրսի մարդկանց բացատրի այս ամենը: Քեզ չեն հավատա ու այսպես շարունակ:Գաղթում են երրերդ աշխարհի երկրներից (անգլուխ):
    Սիրելի հայեր Գնացեք Հայան, էնտեղ է մեր վերջին տեղը:Երանի էն մարդկանց որ գնացին Հայաստան:

    ReplyDelete